Wednesday, November 6, 2013

Լոտոները հայոց

Մեր իրականության մեջ մարդկանց  գրպանները դատարկելու տարբեր ձևեր կան, որոնցից մեկն էլազգային անվանումներով, ամպագոռգոռ ձայնովօրը 1000 անգամ գովազդվող  վիճակախաղերը` նույն ինքը լոտոներն են:
Արդեն 15 տարուց ավելի է, ինչ «լոտո» հասկացությունը մեր իրականություն է ներխուժել ու դուրս չի գալիս: Մարդիկ մինչ օրս էլ հավատում են խաղարկվող գումարներին, մեքենաներին,տներին և հույս ունեն, որ ինչ-որ մի օր էլ իրենց բախտը կբերի:

<<Միշտ խաղացել եմ, խաղում եմ, հավատում եմ: Չնայած հազարավոր դրամներ եմ ծախսել, բայց մի անգամ եմ շահել, բջջային հեռախոս: Մեծ հավատով սպասում եմ, որ մի օր էլ ավտոմեքենա կշահեմ>>,-ասում է 56-ամյա Մարատ Հարությունյանը:

Վիճակախաղերի փոքրիկ սեղանիկներ, նրանց շուրջ կանգնած տարեց մարդկանց տեսնում ենք ամեն քայլափոխի: Նման մի սեղանիկ էլ  դրված է Բաղրամյան փողոցում` մետրոյի հարևանությամբ: Լոտո վաճառողը` 70 տարեկան Հայկ պապը, պատմեց մեզ, որ այսօր լոտոն այսպես ասած մոդայից դուրս է եկել.


<<Ես 20 տարի ա լոտո եմ ծախում: Շինարար եմ եղել: Երկիրը, որ շուռ եկավ, սկսեցի լոտո ծախել: Հիմա լոտո չեն առնում: Առաջ առավոտից իրիկուն ազատ ժամանակ չէի ունենում, ահել-ջահել լոտո էին առնում, շահում: Էսօր առավոտից իրիկուն կանգնեմ 2 հատ կամ կծախեմ, կամ չէ: Շատ ա վատացել լոտոյի գործը: Դե լոտոն լավը չի, չեն առնում մարդիկ>>:

Հայկ պապը պատմեց, որ երեք հարյուր լոտո է ստանում, ու երկու օրը մեկ տվյալ լոտոյի վաճառքով զբաղվող ընկերությունից գալիս են ստուգելու.

<< Գալիս ա, ասում ա քանի՞սն ես ծախել: Ասում եմ մի ասա քանիսն ես ծախել, ասա քանի՞սն են շահել: Բա չե՞ք ուզում էդ մարդկանց տված հազարավոր դրամներից, գոնե կեսը իրանց տաք, որ էլի առնեն, խաղան: Շատ վատ են տպում ու հետո բաժանում  լոտոները: Ես էդ տղուն էլ եմ ասել, պիտի նենց անես, որ երեքի մեջ գոնե մեկը շահի: Հենա էն օրը մի տղա 1200 դրամ տվեց 4 հատ էս ծտերից առավ ու ոչ մեկը չշահեց, բա էլ նորից կգա՞ լոտո առնի: Ես էլ եմ ինձ վատ զգում, որ մարդիկ էդքան փող են տալիս ու 300 դրամ շահեն թե չէ>>:

Բարկացած վաճառողը նաև ավելացրեց, որ յուրաքանչյուր վաճառված լոտոյից իրեն 20-30 դրամ է մնում:

<<Լոտո ծախելը էդ գործ չի, մեզ ոչ աշխատող են համարում, ոչ ստաժ են հաշվում ու ոչ էլ փող ենք աշխատում: Առավոտից իրիկուն կանգնում-սառում ենք: Բայց որ սենց շարունակվի ձմեռվանից էլ չեմ էլ կանգնելու>>,-ավելացնում է հիասթափված Հայկ պապը:

Մեր համաքաղաքաքացիներից մեկն էլ` 25-ամյա Անին, միանալով զրույցին` ծիծաղելով ավելացրեց.

<<Ավելի քան 5 տարի լոտո եմ խաղացել, բայց այդպես էլ չի հաջողվել մեծ շահում ունենալ, բախտս երբեք չի բերել, էլ ուժ ու փող չունեմ, էլ չեմ խաղում, միայն երբեմն փողոցում, որ տեսնում եմ, հավատ ա արթնանում մեջս ու  ուզում եմ կրկին փորձել, բայց ինձ զսպում եմ ու չեմ գնում>>:

Համեմատելով լոտոների տարբեր տարիների բազմազանությունն ու խայտաբղետությունը, կարելի է ասել, որ պատկերը փոխվել է: Այժմ ոչ միայն մարդիկ են սկսել ավելի քիչ հավատալ լոտոների զորությանը, այլև լոտոներն են <<չքացել>>: Այս հարցի շուրջ փորձեցինք պատասխան ստանալ պատկամ մարմիններից:

Նշենք,  որ լոտոների ոչ միայն վերահսկողությամբ այլև լիցենզավորմամբ զբաղվում է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի` լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությունը:

Նրանց հավաստմամբ 2001թ.-ին Երևանում կար մոտ 15 վիճակախաղ` «Համով լոտո», «Ուրախ լոտո» «Խոշոր շահում», «Առողջ լոտո», «Ընտանեկան լոտո», «Թիվի լոտո», «Շանս», «Բարի լոտո», ակնթարթային շահումով լոտոներ և այլն:

Այսօր  դաշտում գործում է 6 վիճակախաղ, որտեղ  մենաշնորհը «Ընտանեկան լոտոյինն» է:
Ակամայից հարց է առաջանում, թե ու՞ր կորան բարեկեցիկ կյանք խոստացող մյուս լոտոները:
Նախարարությունից պատասխանեցին, որ իրավիճակը սկսել է փոխվել դեռևս 2004թ.-ից երբ  վիճակախաղերի բիզնեսով զբաղվող մի քանի ընկերությունների շուկայից դուրս թողեցին.

<<Նման դեպքերը պայմանավորված են տուրքի քառակի բարձրացմամբ: Մինչեւ 2003թ. վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու համար տնտեսվարողները լիցենզիա ստանում էին 25 միլիոն դրամ պետտուրքի դիմաց, իսկ դրանից հետո 100 միլիոն>>: 

Մեզ հետ զրույցում տեսչության ներկայացուցիչը ավելացրեց, որ լիցենզիա չտրամադրելը ոչ միայն կապված է պետտուրքի ավելացմամբ, այլև շատ տնտեսվարողների մոտ խախտումների հայտնաբերմամբ:

<<Իհարկե պետք է նշեմ նաև, որ եղել են այնպիսի ընկերություններ, որոնց լիցենզիայի ժամկետը դեռ լրացված չի եղել, սակայն նրանք ինքնակամ չեն շարունակել գործունեությունը>>:

Միգուցե՞ լոտոների ոլորտում նման փոփոխությունները բերում են ազգային վիճակախաղի ստեղծմանը, ինչն արդեն սկսել է Ղարաբաղում:
<<Լեռնային Ղարաբաղի Կառավարությունը նախաձեռնել է  <<Շահում ես դու, շահում է քո երկիրը>> խորագիրը կրող ազգային վիճակախաղ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ինև վիճակախաղի վաճառքից ստացված ողջ գումարը ուղղվելու է վերաբնակեցման ծրագրերին>>:

Այս մասին, օրերս հայտարարել է գաղափարի համահեղինակ ու իրականացնող, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքով երկու ամսում իրացվել է վիճակախաղի շուրջ 120.000 տոմս: Նա նաև հույս է հայտնել ավելի շատ մարդկանց ներգրավել այս գործում

Վիճակախաղի տոմսն արժե 2000 դրամ և  կազմակերպիչներն հույս են հայտնում ավելի շատ մարդկանց ներգրավել այս գործում:

Մեզանից շատերն իրենց բախտն ու հաջողությունը հաճախ կապում են վիճակախաղի հետ: Եվ անգամ իրենց օրվա հացի գումարից բաժին են հանում վիճակախաղի տոմս գնելու համար` երազելով խոշոր շահումի մասին:

Մեր համաքաղաքացիների հետ զրուցելիս պարզ է դառնում, որ կան լոտոյից հիասթափվածներ և հույսը դեռ չկորցրածներ:
Իսկ մեզ մնում է հաջողություն մաղթել լոտոյի բոլոր անդավաճան <<հավատացյալներին>>:





No comments:

Post a Comment