Tuesday, January 14, 2014

Փսիխո-արվեստ

Mani Vertigo
Լոնդոնում բնակվող, ազգությամբ ռուս Մարիա Կուզնեցևայի աշխատանքները տարօրինակ, երբեմն, «վախեցնող» են: 

Նկարել սկսել է տասնչորս տարեկանում:

Լոնդոն տեղափոխվել է երկու տարի առաջ` ուսման նպատակով: Այս տարի ավարտեց Հերդֆորդշիրի Համալսարանի նկարչության բաժինը:

Նկարչուհին հանդես է գալիս Մանի Վերտիգո կեղծանվամբ:
Ճիշտ ընտրված կեղծանունը արդարացնում է նրա գործերի անդյուրըմբռնելիությունից առաջացող թեթև գլխապտույտը: (Վերտիգո թարգմանաբար գլխապտույտ է նշանակում):

Ներկայիս հարուստ, վառ ներկապնակը նոր շունչ է հաղորդում նկարչուհու երբեմնի մռայլ աշխատանքներին, սակայն գույների փոփոխությունից նրա արվեստի կոնցեպտը չի փոխվել:

Մանին շարունակում է կտավին փոխանցել իր հոգեվիճակը, ապրումները, աշխարհի մասին իր պատկերացումները, կին լինելու ողջ գեղեցկությունն ու ցավը, ինքն իրեն` փոքր և հասուն տարիքում, սիրեցյալին, մորը, մի խոսքով այն ամենը, ինչ շրջապատում է իրեն:

Մանին երբեք էլ չի փորձել գեղեցիկ պատկերներ ստեղծել:
Որոշ մարդկանց համար նրա նկարների անհաճելիությունը, ուրիշների համար դառնում է հոգեցունց և երևան է  հանում  իրենց անհատականության մութ կողմերը:

Սկզբում ոգեշնչվել է Բեկոնից և Բասկիայից, սակայն ամեն ինչ փոխվել է:
Այժմ ոգեշնչվում է ժամանակակից ճապոնական մշակույթից, դրա խենթ ու խելառությունից և վառ գույներից: Իսկ վերջին ոգեշնչման աղբյուրը Դեյվիդ Օ’ռայլիի անիմացիաներն են: 

Չնայած որ ստեղծագործական պրոցեսը Մանիի անբաժանելի մի մասն է և վերջինս շատ զգացմունքներ, ապրումներ և մտքեր է դնում յուրաքանչյուր նկարում` գրեթե մեկ ժամ է պահանջվում մեկ նկար ավարտելու համար:

Մանին տարբեր գունանյութեր է օգտագործում: Նա սիրում է աշխատել յուղաներկով, յուղաներկե պաստելներով, և նյութերն իրար խառնելով, օրինակ` թանաքը և ակրիլը:

Վերջերս նկարչությունը տեղափոխել է անիմացիոն դաշտ, որտեղ պատկերների շարժունակությունն ավելի են ընգծում նկարչուհու ասելիքն ու նպատակը:



Ինքնաարտահայտման միջոցների փնտրտուքը Մանիին երաժշտության ոլորտ բերեց: Էքսպերիմենտալ էլեկտրոնային երաժշտությունն ու երգելը ներաշխարհի, հոգեվիճակի ու աշխարհընկալման արտահայտման մեկ այլ միջոց են: 










































No comments:

Post a Comment