Saturday, January 25, 2014

« Ծառ ու ծաղիկ նկարելը սթրիթ արթ չէ»




Երեւանի քաղաքապետարանը սկսեց նկարազարդել դալանները, որպեսզի ստեղծագործելու համար տարածք չթողնի Հայաստանում սթրիթ արթով զբաղվող ընդդիմադիր արվեստագետներին:  Նման կարծիք ունի «Արթ-լաբորատորիա» մշակութային կազմակերպության հիմնադիրներից Էդգար Ամրոյանը: Նա եւ իր 9 գործընկերները 6 տարի առաջ ստեղծեցին արվեստագետների այս խումբը, որպեսզի քաղաքականացնեն արվեստը: Ըստ արվեստագետի`քաղաքականությունից դուրս արվեստ առհասարակ չկա:
«Ինքնասպան զինվորը». «Արթ-լաբորատորիա». 
«Մենք հասկանում էինք, որ սովորական ստեղծագործություններն էլ չէին բավարարում, պետք էր բողոքի նոր ձեւ գտնել… Կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքական որեւէ իրադարձությամբ, հանրահավաքների, ընտրությունների չեն մասնակցում: Որպեսզի նրանց թիվը նվազի, անհրաժեշտ է քաղաքականացել ամեն ինչ`արվեստը, գրականությունը, պատմությունը»,- ասաց արվեստագետը:
Արվեստը քաղաքականացնել փորձում է նաեւ «Հակահարված» արթ խումբը: Խմբի անդամ Հերբերտ Գեւորգյանը կարծում է, որ արվեստի ներկայացուցիչը չի կարող չխոսել հասարակական եւ քաղաքական խնդիրների մասին, իսկ ծառ ու ծաղիկ նկարելն ամենեւին էլ արվեստ, առավել եւս` սթրիթ արթ չէ: ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործից հետո երիտասարդները որոշեցին խաղաղ ճանապարհով` սթրիթ արթի միջոցով, հակահարված հասցնել իշխանությանը եւ նպաստել նրա տապալմանը:
Թե´ «Արթ-լաբորատորիան» եւ թե´«Հակահարվածը» պնդում են, թե որեւէ կուսակցության շահերին չեն ծառայում, իսկ քաղաքական կուսակցությունների մասին խոսելիս առանձնացնում են Հայ ազգային կոնգրեսին: «Արթ-լաբը» պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին` որպես քաղաքական գործչի, սակայն արվեստագետները չեն պատրաստվում կուսակցական դառնալ:
Լուսանկարը` «Արթ-լաբ»-ի պաշտոնական կայքէջից 

«Մենք չենք մասնակցել ո´չ 100 դրամի, ո´չ Թեղուտի, ո´չ էլ Փակ շուկայի ակցիաներին: Մենք միանում ենք իշխանափոխության պահանջներին, այլ ոչ թե տեղական խնդիրներին վերաբերող ակցիաներին»,-հայտնեց Ամրոյանը:
Հերբերտ Գեւորգյանը հաստատեց, որ որոշ հարցերում համագործակցել են ՀԱԿ-ի հետ, սակայն խումբը քաղաքացիական նախաձեռնություն է: Իր մեկ այլ խոսքում «Հակահարվածի» անդամը, սակայն, նշեց, որ երբ մասնատվեց ՀԱԿ-ը, մասնատվեց նաեւ իրենց խումբը: Խմբի արդեն նախկին մի քանի անդամների համար ընդդիմադիր դաշինքի գաղափարներն էլ ավելի էին հարազատ խմբի միասնական դիրքորոշումից: Սթրիթ արթը, ըստ Գեւորգյանի, «կիսախուլիգանական ինչ-որ բան» է, որը որեւէ կուսակցության մեր ներքաշելու անհրաժեշտություն չկա:
««Հակահարված 1-ինի» գլխավոր նպատակն է եղել հասնել Տիգրան Առաքելյանի արդարացմանը: Հիմա, երբ ազատ է արձակվել, մենք կշարունակենք պայքարել նրա արդարացման համար, բայց «Հակահարված 2-րդը» ներկայումս իր առջեւ խնդիր է դրել քաղաքացիական անհնազանդություն քարոզել: Այս իշխանության դեմ պայքարելու միակ տարբերակը ծայրահեղ անհնազանդ լինելն է»,-հայտարարեց ակտիվիստը:
Լուսանկարը` Հերբերտ Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

«Արթ-լաբին» թերեւս չի գոհացնում հատկապես երիտասարդության դիրքորոշումն ու հայացքները: Ամրոյանն ասաց, թե համալսարաններում կազմակերպած իրենց ակցիաներին երիտասարդների ռեակցիան ավելի վատն է եղել, քան իշխանություններինը: Իսկ «Ցեղակրոն» կուսակցությունը, արվեստագետի համաձայն, ավելի առաջադեմ է մտածում, քան երիտասարդությունը:
«Փողոցային արվեստով» զբաղվող «Էյվա» արվեստների հիմնադրամի «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի ղեկավար Լիա Մխիթարյանը նույն հարթության վրա է դնում ոչ թե քաղաքականությունն ու արվեստը, այլ` լրատվությունն ու արվեստը: 1.5 տարի առաջ «Էյվան» կազմակերպություն, ապա հիմնադրամ դարձավ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի շնորհիվ:
«Որպես լրատվության այլընտրանքային ռեսուրս` մենք վերցրեցինք արվեստը` նպաստելու այս կամ այն հանրային կարեւորություն ունեցող խնդիրների վերաբերյալ իրազեկություն բարձրացմանը: Մեր գերնպատակն է` չբողոքենք, չանդրադառնանք այն թեմաներին, որոնց առանց այն էլ լրատվամիջոցներում եւ հանրությունում ամեն օր բարձրաձայնում են: Հաճախ բողոքն այնքան շատ է, որ լավն ու բարին կորում են»,-կարծում է Մխիթարյանը:
Լուսանկարը` «Էյվա»-ի պաշտոնական կայքէջից 
Քաղաքական արվեստի փոխարեն ծրագրի ղեկավարը նախընտրել է սոցիալականը: Նրա խոսքով`արվեստը չափազանց ուժեղ միջոց է քաղաքական եւ, առհասարակ, յուրաքանչյուր խնդիր վերծանելու համար. այն հենց զգայարաններին է դիպչում:
«Մեր հասարակությունը շատ քաղաքականացված է: Այնքան թեմաներ կան, որոնք արժանի են լուսաբանման. բայց չեն լուսաբանվում այդքան քաղաքականացված լինելու պատճառով»,-հայտարարեց նա:
Սոցիալական արվեստով զբաղվող, լավի ու բարու մասին պատմող «Էյվան», ի տարբերություն «Արթ-լաբի» ու «Հակահարվածի», ոստիկանության հետ խնդիրներ չի ունենում: Կողմնակի միջամտության արդյունքում չեն անհետանում նաեւ ժամեր առաջ նկարված գրաֆիտիները:


Անահիտ Իվանյան


No comments:

Post a Comment