Wednesday, January 8, 2014

Ակումբային կյանքը Երևանում

Լուսանկարը Դավիթ Գաստյանի Uptown-ի էջից
Յուրաքանչյուր  ուրբաթ մարդիկ ցանկանում են լիցքաթափվել ծանր աշխատանքային շաբաթից հետո: 
Ակումբը հենց այն վայրն է, որտեղ նրանք կարող են կտրվել առօրյայից, թեթևանալ, լավ ձայնային համակարգով լսել իրենց սիրելի DJներին, համակարծիք  նոր մարդկանց հետ ծանոթանալ, խմել, թմրանյութեր ընդունել, ինչը բնավ էլ օրինական չէ և ի վերջո` պարել: 
Շատերը, հատկապես` աղջիկները ակումբ են հաճախում երաժշտություն լսելու և պարելու, իսկ տղաները, հիմնականում, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալու համար: 

Բայց շատ հաճախ մարդիկ, պարզապես, գնում են ակումբ, կանգնում, խմում, զրուցում են իրենց ծանոթների հետ և հեռանում են, ինչը զվարճանք է համարվում:  
Պարելն ու ակումբային երաժշտությունը մղվում են երկրորդական պլան` զիջելով թանկարժեք հագուկապին և խմիչքներին:
 «Երևանում ակումբ հաճախելը իմիջի խնդիր է, այն ինչ ակումբ հաճախելը մի ամբողջ կուլտուրա է: Ակումբներում պակասում է «հոգին», անկեղծությունը, գերակշռում են կոկտելային վիճակներն ու ձևականությունները»,- ասում է էլեկտրոնային երաժիշտ Ռաֆայել Գյոլեցյանը:

 
2000-ական թվականներին գոյություն ունեին մի քանի ակումբներ (Relax, Garage, Tochka, Kami, Ego, One), որտեղ պահպանվում էին տիպիկ ակումբային ստանդարտները և ունեին իրենց մշտական հավատարիմ հաճախորդները: 
Ակումբային կուլտուրան անկում ապրեց, քանի որ ակումբ հաճախող 20-ից 30 տարեկան տարիքային խմբից շատերը կամ արտագաղթեցին կամ ընտանիք կազմեցին և դադարեցին այլևս ակումբներ հաճախել: 
Wormhole art-club Storytellers Project by Maria Gevorkyan
Ներկայումս գործում է ընդամեը երեք ակումբ`Kami, Moumba, և էքսպերիմենտալ Wormhole արտ-ակումբը, նաև նորաբաց Uptown ակումբը, որը փորձում է մեկտեղել փաբ, ակումբ, համերգասրահ ձևաչափերը: 
Եթե ժամանակին երևանյան ակումբներում հնչում էր որակյալ երաժշտություն`house, Detroit house, getto house, deep house, ապա այժմ մասսային պարեցնում են գլխավորապես ժամանակակից հիթերը:
Բոլոր վերըթվարկված ակումբներում DJ-ները ակումբասերներին հրամցնում են հիմնականում mainstream երաժշտություն, քանի որ այցելուները պարում են միայն իրենց ծանոթ երգերի տակ:
«Ամաչկոտ են, շարժվելուց պետք է իմանան` մի քանի վայրկյան հետո ի՞նչ է սպասվում իրենց, ինչպե՞ ս իրենց պահեն, ի՞նչ շարժում անեն», -ասում է DJ Anais Paws-ը:
Mainstream երաժշտությունը մատուցելը նաև ձեռնտու է ակումբներին: Շատ հաճախ ոչ թե DJ են հրավիրում, այլ պարզապես միացնում են սիրված երգեր: 
Ակումբային կուլտուրայի ներկայիս վիճակը պայմանավորված է իսկական նվիրյալների, ոլորտը խթանողների (promoter-ների) և ճիշտ մենջմենթի բացակայությամբ:
Ակումբային մենեջմենթի բաղկացուցիչներն են մեզ մոտ գրեթե միշտ բացակայող օդափոխիչ համակարգերը, որակյալ ձայնային հնչողությունը, հարմարավետ ներքին դիզայնը, ընդարձակ պարահրապարակը, գիտակ մենեջերներն ու աշխատակիցները, մասնագետ, որը գրագետ տեքստ կշարադրի սպասվող երեկույթների մասին: Կազմակերպչական ամբողջ աշխատանքները մեզ մոտ անում են հենց DJները, ինչը արտասահմանում ընդունված չէ:
Kami Club
Համաշխարհային ակումբային կյանք ինտեգրվելու նախապայմաններից մեկն է ստեղծել ակումբային համայնքներ (community), որոնք կազմված են լինում մոտ տասը հոգուց` <<ներսի>> (indoor) ակումբասերերից  և երեկույթներին վերջիններիս միացող <<դրսի>> (outdoor) այցելուներ:  
Uptown by Maria Gevorkyan
Ակումբներ քիչ հաճախելը նաև կախված է հայերիս ազգային առանձնահատկություններից: Եթե արտասահմանում գիշերային կյանքը սկսում է 12-ից հետո, ապա մեզ մոտ այդ ժամին գրեթե ավարտված է: 
Երիտասարդները նախընտրում են երեկոյան ժամանակ անցկացնել սնկի պես աճող փաբերում, որտեղ ևս միշտ հնչում է պարային երաժշտություն: 
Ի տարբերություն արտասահմանյան փաբերի, որտեղ մարդիկ հավաքվում են երեկոյան մեկ գավաթ գարեջուր խմելու և զրուցելու` Երևանում երիտասարդները և միջին տարիքային խմբի ներկայացուցիչները փաբ են գնում մի լավ խմելու և քեֆ-ուրախություն անելու ակնկալիքով: 

Ակումբները քչանում են, փաբերը` շատանում: Իսկ ակումբային կյանքն ու պարային երաժշտությունը մուտք են գործում փաբեր, որոնք երկու տարի հետո իրենց ձևաչափով ակումբների վերածված կլինեն:

Մարիա Գևորգյան

No comments:

Post a Comment